Միջազգային ԵՎ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Ամսաթիվ Իրադարձության տեսակ Նկարագրություն Վայր Թեմա Առնչվող երկրներ Տեղեկույթի տեսակը

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի «ՇՀԿ պլյուս» ձևաչափում հանդես է եկել ելույթով։

primeminister.am

 

Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի «ՇՀԿ պլյուս» ձևաչափում հանդես է եկել ելույթով։

«Հարգելի՛ պարոն նախագահող Սադիր Ժապարով,

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար, հարգելի՛ պարոն Գուտերեշ, Ձե՛րդ գերազանցություններ,

Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ, ցանկանում եմ Ղրղզստանի նախագահ՝ հարգելի Սադիր Ժապարովին շնորհավորել նորակառույց «Բիշքեկ Արենայում» Քոչվորական 6-րդ համաշխարհային խաղերի տպավորիչ բացման, ինչպես նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ղրղզստանի Հանրապետության արդյունավետ նախագահության առիթով, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության եւ այս գագաթնաժողովի հրաշալի կազմակերպման համար։

Ցանկանում եմ նաև շնորհավորել բոլորին՝ ՇՀԿ հիմնադրման հոբելյանական 25-ամյակի առթիվ։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա մեր քննարկման թեման է․ ««ՄԱԿ-ը որպես արդար աշխարհակարգի առանցքային տարր․ ՇՀԿ+ պետությունների ներդրումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործում»։

Իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության շրջանում մեծ ըմբռնում կա, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ եւ դա է հավասարակշռությունը, ասել է թե կայունությունն ու խաղաղությունն ապահովելու շատ թե քիչ հուսալի տարբերակը։

Հայաստանի նման փոքր պետությունն ինչպե՞ս կարող է ներդրում ունենալ բազմաբեւեռ աշխարհի կայացմանը։ Այս հարցին մենք գործնական պատասխան ենք տալիս, ըստ էության, բազմաբեւեռ արտաքին քաղաքականություն վարելով, որն անվանում ենք հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն։

Այդ քաղաքականության իմաստը հետեւյալն է․ երբ աշխարհաքաղաքական որեւէ բեւեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բեւեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության եւ անկախության բարդություններով լեցուն ճանապարհին։

Նման քաղաքականության հիմնական նպատակն ինքնիշխանությունը եւ անկախությունը պահպանելը եւ ուժեղացնելն է։ Եվ այս ռազմավարությունները մշակելիս եկել ենք եզրակացության, որ հնարավոր չէ անկախություն եւ ինքնիշխանություն ունենալ՝ ապրելով կոնֆլիկտի պայմաններում, եւ բազմաբեւեռությունն այս իմաստով պետք է արտահայտվի առաջին հերթին այն տարածաշրջանում, որտեղ ապրում ես։

Այս է պատճառը, որ խորացնելով մեր բարեկամական հարաբերությունները հարեւան Իրանի եւ Վրաստանի հետ, մենք գնում ենք մյուս երկու հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով, եւ սա, իհարկե, առավել առարկայական է դառնում նախորդ տարվա օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության շնորհիվ։

Հիմա մենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին։

Սա տրանսպորտային նոր հնարավորություններ կբացի ոչ միայն արեւելքից արեւմուտք՝ այսինքն Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, այլեւ հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սեւ ծովին։ Այնպես որ, նախագծի իրագործումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները։

Վերադառնալով բազմաբեւեռ քաղաքականությանը՝ նշեմ, որ Հայաստանը վերջին տարիներին ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Եվրոպական միության հետ։

Հնդկաստանի եւ Իրանի հետ մեր հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, հիմա մենք աշխատում ենք դրա փաստաթղթային ձեւակերպման վրա։

Այսօր ես հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբեւեռության տեսլականը։

Ընդգծելով Միացյալ ազգերի կազմակերպության առանցքային դերը բազմաբեւեռ աշխարհի կառուցման գործում՝ ուզում եմ տեղեկացնել, որ ս/թ հոկտեմբերին՝ ՄԱԿ–ի հովանու ներքո, Հայաստանում տեղի է ունենալու Կենսաբազմազանության COP 17 համաժողովը, եւ բոլորիդ հրավիրում եմ մասնակցել աշխարհի բազմաբեւեռությունն ընդգծող այդ կարեւոր միջոցառմանը։

Շնորհակալ եմ ուշադրության համար եւ Շանհայի համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնող Պակիստանին հաջողություններ եմ մաղթում այդ պատասխանատու առաքելության մեջ»։

 

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2026/09/01/Nikol-Pashinyan-Speech/ 

Բիշքեկում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի «ՇՀԿ պլյուս» ձևաչափի հանդիպում, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ 

Բիշքեկում տեղի է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի «ՇՀԿ պլյուս» ձևաչափի հանդիպում, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ, բացի ընդհանուր նիստին մասնակցելուց, անցկացրել է մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Բիշքեկում  Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կարճ ելույթներով դիրքորոշում են հայտնել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։

Primeminister.am

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վովայի, սիրելի՛ բարեկամներ, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։

Եվ, նախևառաջ, ընդգծեմ գլխավորը և հենց դրանից էլ կցանկանայի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։ Ելնում ենք այն հանգամանքից, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին, և ես արդեն չեմ էլ կրկնի, մենք Ձեզ հետ դա բազմիցս նշել ենք, համապատասխանում է նաև այն պատմական արմատներին, որոնք կապում են մեր երկու ժողովուրդներին։

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրող է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։

Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը։

Կցանկանայի նշել նաև այն, որ մենք Ձեզ հետ արդեն բազմիցս քննարկել ենք Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հայտարարված մտադրության հետ կապված հարցերը։ Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք թե՛ հեռախոսազրույցների ընթացքում, թե՛ անձնական հանդիպումների ժամանակ։

Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։

Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է. 2015 թվականին այն կազմել է 10,6 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 29,2 միլիարդ դոլար (ամեն դեպքում՝ ըստ մեր վիճակագրության)։ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ. այսօր միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%:

Հետևաբար, իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։

Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։

Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։

Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։

Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն... Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու։

Հուսով եմ՝ մենք հիմա Ձեզ հետ հանգիստ, բարեկամական, գործնական մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկենք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։ Նախևառաջ, շատ ուրախ եմ այս հանդիպման և այս առիթի համար, որովհետև իսկապես կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։

Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։

Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է և մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։

Եվ կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և դա շատ կարևոր է։

Դուք հիշատակեցիք այն ռուսական ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանում, և ես պետք է ասեմ, և այսօր մենք քննարկում էինք այս հարցը, որ շատ ռուսական ընկերություններ շատ հաջողությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում, դրանք բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններ են: Դուք իրավացի եք, նրանք հարկեր են վճարում, բայց պետք է այդ ընկերությունները նաև բաժանել երկու մասի։ Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները։

Իսկ ԵՄ-ի վերաբերյալ, գիտեք, այս հարցը շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Գիտեք, անցյալ տարի մենք ընդունեցինք Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը և շատ է քննարկվում, թե որքանով է այս օրենքի ընդունումը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին։

Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրային բազան, և, անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից։

Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա, որովհետև այս առնչությամբ հանրաքվեի հարցը շատ է քննարկվել։

Անկեղծ ասած, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում, որովհետև, եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքը քաղաքացիական հասարակության կողմից էր նախաձեռնվել, այսինքն՝ նրանք, Սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի քաղաքացիների ստորագրություններ էին հավաքել և այդ նախագիծը ներկայացրել խորհրդարան։

Եթե խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, մենք պետք է հանրաքվե անցկացնեինք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ ստացվում է, որ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից։

Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք, որովհետև այս հարցը, ես Ձեզ հետ այդ առնչությամբ հնարավորություն ունեցել եմ խոսելու, դեռևս չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև։

Ինչո՞ւ մենք ընդհանրապես ընդունեցինք այս օրենքը։ Նախ՝ հանրաքվե չանցկացնելու համար, և երկրորդ՝ ինչպես ես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր երկիրը և մեր ժողովուրդն այլընտրանքներ ունենան։ Կարծում եմ՝ դա լեգիտիմ նպատակ է։

Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից, չնայած որ ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, մենք միշտ դրանք քննարկում ենք՝ և՛ ռազմավարական, և՛ տակտիկական հարցերը։

Պարզապես մենք կարծում ենք, որ, հատկապես ներկայիս միջազգային իրավիճակում, ցանկացած երկրի համար, ի դեպ՝ այսօր մենք նույնպես քննարկում էինք սա, ՇՀԿ-ի գագաթնաժողովի թեման էր՝ բազմաբևեռ աշխարհակարգը, այսինքն՝ դա համարվում է լեգիտիմ նպատակ՝ պետության, երկրի համար այլընտրանքներ ունենալը։

Եվ այս գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Սա իսկապես, Դուք արդեն հիշատակեցիք, այնքան կարևոր է մեզ համար, մեր երկրի համար։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։

Եվ կարծում եմ՝ մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ զգուշորեն վերաբերվենք այդ հարաբերություններին։ Եվ ուզում եմ հաստատել, որ ես՝ անձամբ, և մեր Կառավարությունը, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և վստահ եմ, որ Դուք նույնպես զգուշորեն եք վերաբերվում այդ հարաբերություններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք հիմա Ձեզ հետ կքննարկենք։ Ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ քննարկումներ վարելը, բայց հիմնական հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, թույլ կտամ ինձ չհամաձայնել Ձեզ հետ։

Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Ահա այս է խնդիրը։

Դե, եկեք հիմա հանգիստ քննարկենք այս ամենը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ։

Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի։ Դե, այդպիսի տարբերակներ էլ կան։ Ես սիրով կշարունակեմ Ձեզ հետ այս զրույցը և կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Համաձայն եմ այն բանի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե, ուրեմն ստեղծեք այդ հնարավորությունը և փակենք թեման։ Ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է և հարցնելը՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ։

Լավ, հիմա կզրուցենք։

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/09/01/Nikol-Pashinyan-Vladimir-Putin/ , https://youtu.be/cok81qJLlUA?si=cj1tFelLLNuw5JJO   

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի նախագահը հանդիպել են ՇՀԿ+ գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամության, ապարանքաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում քննարկելով Հայաստանի ԵՄ անդամակցության մտադրությունների և երկկողմ օրակարգի այլ սուր հարցեր, ինչպես նաև՝ դիքորոշումներ հայտնելով այդ որոշման կայացման ձևի, հետևանքների ու հայ-ռուսական հարաբերությունների հետագայի վերաբերյալ։  

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի նախագահը հանդիպել են ՇՀԿ+ գագաթնաժողովի շրջանակներում՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամության, ապարանքաշրջանառության ծավալների մեծացման համատեքստում քննարկելով Հայաստանի ԵՄ անդամակցության մտադրությունների և երկկողմ օրակարգի այլ սուր հարցեր, ինչպես նաև՝ դիքորոշումներ հայտնելով այդ որոշման կայացման ձևի, հետևանքների ու հայ-ռուսական հարաբերությունների հետագայի վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ+ ձևաչափի գագաթաժողովի շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ, ընդգծել Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել երկկողմ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

01.09.2026


Primeminister.am

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Վիետնամի փոխնախագահի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպման շրջանակում կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի ու Վիետնամի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և կարևորել քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը:

Վարչապետ Փաշինյանը հիշատակել է 2019 թվականի պաշտոնական այցը Վիետնամ և շեշտել բարձր մակարդակի շփումների ու փոխայցերի կազմակերպման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի հետագա առաջմղմանը միտված քայլերի շուրջ:

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/09/01/Nikol-Pashinyan-Vice-President-of-Vietnam/  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ քննարկել  է տարբեր ուղղություններով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը, TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում և նախագծի իրականացման ընթացքն ու առաջիկա ծրագրերը:

01.09.2026


Primeminister.am

Վարչապետը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը տարբեր ուղղություններով:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային գործընթացներին և տեղի ունեցող զարգացումներին: Ընդգծվել է TRIPP նախագծի դերը հաղորդակցությունների ապաշրջափակման և զարգացման գործում: Այդ համատեքստում, մտքեր են փոխանակվել նախագծի իրականացման ընթացքի և առաջիկա ծրագրերի շուրջ:

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/09/01/Nikol-Pashinyan-meeting-US-Senator/ 

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բիքեկում երկրի ղեկավարների հանդիպումից հետո շարունակել են քննարկել խաղաղության օրակարգի հարցերը:

seco.am


Հանդիպել են ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի նախագահի օգնականը


Բիշքեկում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հանդիպումը:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները:


Աղբյուրը՝ https://www.seco.am/information/press_releases/966?lang=hy

ՀՀ Ազգային ժողովն հավանություն տվեց ՀՀ կառավարության 2026-2031թթ ծրագրին։

ՀՀ Ազգային Ժողովի 25.08.2026 N ԱԺՈ-3-Ն Որոշում

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2026-2031 թվականների ծրագրին
հավանություն տալու մասին

 

ԲԱԺԻՆ 1. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

 

Կառավարության կողմից իրականացվող արտաքին և անվտանգային քաղաքականությունների նպատակներն են Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, սահմանադրական կարգի, ժողովրդավարության պաշտպանությունը և ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության հարատևության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշտպանությունը: Անվտանգության ապահովման գործոններից առաջնայինը լեգիտիմ հենքի վրա կառուցվող արտաքին և ներքին հարաբերություններն են: Արտաքին անվտանգության ապահովման համար էական են փոխկապվածությունը և երկարաժամկետ կանխատեսելիությունը: Կառավարությունը պատրաստվում է այս բանաձևերն ակտիվորեն կիրառել արտաքին և ներքին անվտանգության կայուն և բարենպաստ միջավայր ապահովելու համար:

ԳԼՈՒԽ 1. Արտաքին քաղաքականություն

Կառավարությունը վարելու է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն, որը ցույց է տվել իր արդյունավետությունը` թույլ տալով կայունացնել Հայաստանի Հանրապետության արտաքին միջավայրը:

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը որդեգրվում է որպես ռազմավարություն, որի առանցքային խնդիրն արտաքին հարաբերությունների անհամաչափություններ թույլ չտալն է կամ անհամաչափությունները հավասարակշռելու գործիք ունենալը: Արտաքին քաղաքական օրակարգը ներառում է նաև միջազգային առևտրի և տնտեսական կապերի զարգացումը, արտահանման ծավալների մեծացումը:

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մեջ առանցքային դեր ունի տարածաշրջանացումը, որի նպատակը սեփական միջավայրում առանց արտաքին աջակցության ապրելը Հայաստանի Հանրապետության համար ոչ միայն հնարավոր, այլև հարմարավետ դարձնելն է: Այս իմաստով հարաբերությունների հետագա զարգացումը Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության հետ ունի կարևոր նշանակություն:

1. Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացում և սահմանազատման գործընթաց. Խաղաղության ինստիտուցիոնալացման և ամրապնդման նպատակով Կառավարությունը շարունակելու է աշխատանքը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու, Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակելու, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների, գործարար համայնքների միջև շփումները և երկկողմ առևտուրը ակտիվացնելու ուղղությամբ:

2. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղում. Աշխատանքներ են տարվելու Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները հաստատելու, Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու և առնվազն 2 արդիական անցակետ գործարկելու, տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները վերագործարկելու և ընդլայնելու, երկկողմ և բազմակողմ առևտուրը խթանելու ուղղությամբ:

3. Իրանի հետ ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների խորացում. Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը, առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունների թվում են: Շարունակվելու են Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանային ենթակառուցվածքների զարգացումը և Իրանի միջոցով հաղորդակցային ուղղությունների ընդլայնումը (Հյուսիս-հարավ, Պարսից ծոց-Սև ծով):

4. Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու է Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագրի հետևողական իրագործումը, որը ստեղծում է քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության զարգացման, տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի փոխշահավետ նոր հնարավորություններ:

5. Եվրոպական միության հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ` 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա: Ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:

6. Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության հիման վրա է՛լ ավելի է խորացվելու երկկողմ գործընկերությունը` ի շահ երկու պետությունների, և ընդլայնվելու է համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Շարունակվելու է ԱՄՆ-ի հետ ոլորտային համագործակցությունը` հիմնված Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև 2025 թվականի օգոստոսին ստորագրված փոխըմբռնման հուշագրերի և Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա: Իրագործվելու է TRIPP նախագիծը` առնվազն էներգետիկ և երկաթուղային ենթակառուցվածքների շահագործմամբ` ինտեգրելով Հայաստանը տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում:

7. Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը բարձրացվելու է որակական նոր մակարդակի, մասնավորապես` քաղաքական, տնտեսական, անվտանգային, մշակութային, կրթական և ապակենտրոն գործընկերության ոլորտներում` որպես ինստիտուցիոնալ և քաղաքական հիմք ընդունելով 2026 թվականի մայիսի 5-ին ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիրը:

8. Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում. Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը` հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման և խորացման ուղղությամբ:

9. Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացում. Շարունակվելու են 2025 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի վարչապետի և Չինաստանի նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը և աշխատանքները` Հայաստան-Չինաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ մատնանշված ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և շոշափելի արդյունքներ գրանցելու ուղղությամբ:

10. Հնդկաստանի հետ գործընկերության խորացում. Շարունակվելու են ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տնտեսական, պաշտպանական, տրանսպորտային, կրթամշակութային, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման և Հայաստան-Հնդկաստան գործընկերությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

11. Այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հետագա խորացում. Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ հաստատված ռազմավարական հարաբերությունները նախանշել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները, որոնց շուրջ հետագա աշխատանքների իրականացումը կարևոր է Հայաստանի զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման նպատակով:

12. ԵԱՏՄ շրջանակներում արդյունավետ համագործակցության ծավալում. ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված կառուցակարգերի արդյունավետ կիրառումը առանցքային է միության ապագայի և հետագա զարգացման համար: Շարունակվելու են աշխատանքները ԵԱՏՄ հիմնարար ազատությունների` աշխատուժի, ծառայությունների, ապրանքների և ֆինանսների ազատ տեղաշարժի լիարժեք և անխափան ապահովման, ինչպես նաև անդամ և դիտորդ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

13. Բազմակողմ հարթակներում ապագային միտված օրակարգի առաջմղում. ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ ակտիվ անդամ: Հայաստանի Հանրապետությունը դարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և շարունակելու է աշխատանքներն այդ ձևաչափում: Կառավարությունն աշխատանքներ է տանելու Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցության ուղղությամբ:

14. Ջանքեր են գործադրվելու Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունները զարգացնելու և նոր հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

15. Հայաստանի Հանրապետության շահերի լավագույն սպասարկման և գործընկերությունների խորացման նպատակով Կառավարությունը շարունակելու է օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայության աստիճանական ավելացման քաղաքականությունը:

ԳԼՈՒԽ 2. Անվտանգություն

Խաղաղությունն անվտանգության ապահովման միակ գործուն և հուսալի երաշխիքն է, և Հայաստանի Հանրապետությունը, քաղաքացիները, հանրային-քաղաքական շրջանակները պետք է ամենօրյա խնամք տանեն խաղաղության նկատմամբ` այն ուժեղացնելու, առավել ինստիտուցիոնալ, անշրջելի և երաշխավորված դարձնելու համար:

Անվտանգության ապահովման գործում էական դեր ունեն երկրի պաշտպանունակության մակարդակի բարձրացումը, սահմանների և միգրացիոն հոսքերի կառավարումը, հակահետախուզական, հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, սահմանադրական կարգի պահպանության կարողությունների շարունակական զարգացումը, հանցավորության դեմ պայքարը, աղետների ռիսկի կառավարումը, տեղեկատվական, պարենային, էներգետիկ անվտանգությունը, կիբեռանվտանգությունը, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների անվտանգությունը, համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրումը, որի նպատակն է ապահովել ողջ հասարակության շրջանում ռազմական և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ու պատշաճ արձագանքման մշակույթի զարգացումը: Այս գործոնների մեկտեղման արդյունքը պետության համապարփակ դիմակայունության ձևավորումն է:

 

1. Զինված ուժեր

Զինված ուժերը արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք են այն դեպքերի համար, երբ արտաքին անվտանգության ապահովման` վերը թվարկված և դրան կիրառելուն ուղղված քաղաքական, դիվանագիտական միջոցները չեն գործել: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվեն (բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավման) և պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին:

Ըստ այդմ` Կառավարությունը ապահովելու է Զինված ուժերի տեխնոլոգիական, կարողությունների ու մշակութային կերպափոխումը և շարունակական անցումը արհեստավարժ բանակի` բարձրացնելով երկրի պաշտպանունակության մակարդակը` ընդլայնելով և դիվերսիֆիկացնելով ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը: Զինված ուժերի` սպառազինությամբ համալրվածությունը և նյութատեխնիկական հագեցվածությունը աճելու են, այդ թվում` Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման միջոցով:

Այս ուղղությամբ ապահովվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Իրականացվելու է շարունակական անցում արհեստավարժ բանակի` պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայողների ներգրավման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմամբ, այդ թվում` զինվորական ծառայության կրթական, մարտական պատրաստության, վարձատրության, կարիերայի, առաջխաղացման, մարդկային ռեսուրսների ներգրավման և կառավարման, պահեստազորի, բարոյահոգեբանական ապահովման, սոցիալական երաշխիքների նոր համակարգերի ներդրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվելու Զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:

2) Իրականացվելու է Զինված ուժերի կարողությունների զարգացում, Զինված ուժերի ղեկավարման և կառավարման համակարգի պատրաստության, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, մարդկային, նյութատեխնիկական և ապահովման միջոցներով համալրվածության ապահովում, պլանավորման և այլ համակարգերի կատարելագործում, որի արդյունքում ունենալու ենք Զինված ուժերի նպատակների, խնդիրների և հնարավորությունների համապատասխանեցում:

3) Իրականացվելու է Զինված ուժերի և դրանց կառավարման համակարգի թվային վերափոխում, այդ թվում` հրամանատարության և կառավարման գործընթացների թվայնացում, նախազորակոչային հաշվառման, զորակոչի իրականացման, պահեստազորայինների` վարժական հավաքներին ներգրավման, զորահավաքային նախապատրաստության և մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում: Համակարգը ներառելու է նաև բժշկական հետազոտությունների կազմակերպման և դրանց արդյունքների հաշվառման գործընթացները:

4) Ներդրվելու է կանոնավոր ուժերի համալրման, մշտական մարտական պատրաստության օպերատիվ, մասնագիտական և ռազմավարական պահեստազորի նոր համակարգ:

5) Ռազմաուսումնական հաստատությունները համապատասխանեցվելու են արևմտյան առաջավոր երկրների չափորոշիչներին, ստեղծվելու են գերազանցության կենտրոններ, ձևավորվելու է պաշտպանության ոլորտում ամբողջական անկախ ազգային ռազմակրթական համակարգ:

6) Փուլային կերպով լուծվելու են օրենսդրությամբ սահմանված կարգով բնակարանային հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և ֆունկցիոնալության խոր, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները:

7) Կատարելագործվելու է տեղական արտադրողներից Զինված ուժերի ապագա կարիքներին համահունչ երկարաժամկետ պաշտպանական գնումների համակարգը, տեղայնացվելու է օտարերկրյա գործընկերների հետ համատեղ զինամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրությունը, ինչպես նաև Զինված ուժերում ստեղծվելու են առկա ռազմական տեխնիկայի նմուշների սպասարկման, նորոգման և արդիականացման համար հնարավորություններ:

 

2. Սահմանների և միգրացիայի կառավարում

Սահմանների համալիր կառավարումը նպաստելու է ոչ միայն պետության անվտանգային միջավայրի երաշխիքների ապահովմանը, այլև ուղևորահոսքերի և արտահանման ու ներմուծման գործընթացների դյուրացմանը, հետագծելիության ու հսկողական մեխանիզմների ամրապնդմանն ու արդիականացմանը: Հայաստանի Հանրապետության փոխակերպումը ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության կենսական է դարձնում միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացումը:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիների փուլային ընդլայնում` սահմանի ամբողջական պահպանությունը ստանձնելու հեռանկարով:

2) Ներդրվելու է ԵՄ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխան` սահմանների համալիր կառավարման համակարգ, այդ թվում` սահմանային կառավարման ժամանակակից համակարգի կենսաչափական տեխնոլոգիաների ու թվային լուծումների միջոցով:

3) Փոխակերպվելու է սահմանապահ ծառայությունը` ռազմական բաղադրիչի նվազեցման և միջազգային լավագույն փորձի ինտեգրման միջոցով:

4) Իրականացվելու է միգրացիայի ոլորտի կառավարման համապարփակ արդիականացում` վիզային քաղաքականության հստակեցմամբ, մուտքի և կացության կառուցակարգերի ամրապնդմամբ, անօրինական միգրացիայի կանխարգելման, կամավոր և հարկադիր վերադարձի ինստիտուտի ձևավորման և ապաստանի համակարգի շարունակական զարգացման տրամաբանությամբ:

5) Ներդրվելու է միջազգային ամենաբարձր ստանդարտին համապատասխան նոր կենսաչափական համակարգ, որը հագեցած է լինելու ապագային միտված լուծումներով և պարբերաբար թարմացվելու է ոլորտի նորարարություններով:

 

3. Հանցավորության դեմ պայքար

Ներքին անվտանգության արդի մարտահրավերներին դիմակայելու և հանցավորության դեմ արդյունավետ պայքար ապահովելու նպատակով պետության քաղաքականությունը հիմնված է լինելու երկու փոխլրացնող ուղղությունների վրա. մի կողմից` հասարակության շրջանում իրավաչափ վարքագծի ամրապնդման, հանցավորության, դրա առաջացմանն ու վերարտադրմանը նպաստող պատճառների և պայմանների, այդ թվում` քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային անհանդուրժողականության ձևավորման, քաղաքացի-իրավապահ համակարգ վստահության ամրապնդման միջոցով, իսկ մյուս կողմից` իրավապահ համակարգի տեխնոլոգիական վերազինման և կարողությունների շարունակական զարգացման միջոցով:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Արդիականացվելու են հանցավորության քրեաբանական (այդ թվում` ԱԲ կիրառմամբ) վերլուծական կարողությունները` հանցավորության օրինաչափությունների, տարածական բաշխվածության, ռիսկերի և սպառնալիքների գնահատման ժամանակակից վերլուծական գործիքների ներդրմամբ` որդեգրելով հանցավորության միտումների կանխատեսման, ռիսկերի վաղ բացահայտման, կանխարգելման արդյունավետության բարձրացման և ապացուցահենք որոշումների կայացման նոր մեթոդաբանություններ:

2) Զարգացվելու են քրեական ենթամշակույթի` որպես հանցավորության ռիսկային գործոնի և դրան բնորոշ վարքագծային մոդելների դեմ պայքարի համակարգային մեխանիզմները` հասարակության մեջ դրանց նկատմամբ զրո հանդուրժողականության և մերժողական վերաբերմունքի արմատավորման, օրենքի գերակայության և իրավաչափ վարքագծի արժեքների ամրապնդման, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից դրանց ցանկացած դրսևորման նկատմամբ հատու և անզիջում հակազդման ապահովման միջոցով:

3) Իրականացվելու է հանրապետության տեսահսկման համակարգերի ինստիտուցիոնալ վերափոխում («Խելացի քաղաք» մոդելով)` հանրային անվտանգության, հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով` Եվրոպական միության Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի սկզբունքներին համահունչ:

4) Արդիականացվելու է օպերատիվ-հետախուզական համակարգը:

5) Ձևավորվելու է «Թվային ոստիկանությունը», այդ թվում` արհեստական բանականության վրա հիմնված «ԱԲ ոստիկանը» թվային միջավայրում քաղաքացիների անվտանգության ապահովման, շուրջօրյա (24/7) հասանելի ծառայությունների մատուցման, կիբեռլաբորատորիայի գործարկման, ռիսկերի գնահատման, անձի պրոֆիլավորման և այլ ժամանակակից թվային գործիքների ներդրման, ինչպես նաև ոստիկանության թվային կարողությունների զարգացման միջոցով:

6) Ընդլայնվելու է «112» միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի գործառութային շրջանակը` շտապ բժշկական օգնության կանչերը ներառելով ահազանգերի միասնական ընդունման և օպերատիվ կառավարման համակարգում` բնակչությանը մեկ միասնական հարթակի միջոցով արտակարգ արձագանքման ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով:

7) Վերանայվելու է զենքի շրջանառության կարգավորման օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով հանցավորության դեմ պայքարի ժամանակակից մարտահրավերներին և միջազգային լավագույն փորձին:

 

4. Աղետների ռիսկի կառավարում

Աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման առանցքում պետության, համայնքների և բնակչության դիմակայունության բարձրացումն է` աղետների ռիսկերի նվազեցման և վաղ ազդարարման կարողությունների ամրապնդման միջոցով:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Ներդրվելու է բազմավտանգ աղետների վաղ ազդարարման և հիդրոօդերևութաբանական վտանգների վաղ նախազգուշացման ամբողջական համակարգ, իրականացվելու է գետային ավազանների մոդելավորում, ջրհեղեղների և այլ հիդրոօդերևութաբանական վտանգների ռիսկերի գնահատում, ինչպես նաև ռիսկերի գնահատման և կառավարման թվայնացված գործիքների ներդրում:

2) Իրականացվելու են աղետների ռիսկի կառավարման պլանների արդիականացում և թվայնացում, փրկարար ծառայողներին իրական ժամանակում իրավիճակային իրազեկվածությամբ և դեպքի վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ ապահովող համակարգերի և սարքավորումների ներդրում:

3) Որդեգրվելու են հակահրդեհային անվտանգության միասնական ստանդարտներ` ռիսկահենք մոտեցումների ներդրման և հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման նպատակով:

4) Իրականացվելու են սեյսմիկ դիտացանցի ամբողջական և լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ, որոնց շրջանակում ձեռք են բերվելու տարածաշրջանում աննախադեպ, ժամանակակից սեյսմիկ դիտարկման և չափման սարքավորումներ` էականորեն ընդլայնելով երկրաշարժերի վաղ հայտնաբերման, տվյալների ճշգրիտ վերլուծության և սեյսմիկ ռիսկերի գնահատման հնարավորությունները:

5) Ներդրվելու է աղետների ռիսկերի ապահովագրության մոդել` աղետների հետևանքով առաջացող կորուստների ֆինանսական կառավարման և վերականգնման արդյունավետության բարձրացման նպատակով:

 

5. Պարենային անվտանգություն

Պարենային անվտանգության ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Ձևավորվելու է նյութական պահուստի նոր մոդել` պարենային անվտանգության ապահովման և ճգնաժամային իրավիճակների համար անհրաժեշտ պարենային պաշարների ձևավորման նպատակով:

2) Ձևավորվելու է ճգնաժամային իրավիճակների համար պահվող պարենի ցանկ այնպիսի տրամաբանությամբ, որ ցանկում ներառված անհրաժեշտ պարենն արտահայտված լինի մի քանի, իրար փոխարինող տեսակներով` այդպիսով դիվերսիֆիկացնելով դրանց ձեռքբերման և պահպանման գործընթացում հնարավոր ռիսկերը և նվազագույնի հասցնելով արտաքին կախվածությունը:

3) Բարձրացվելու է կենդանական ծագման ապրանքների ինքնաբավությունը. տավարի մսի` 88%-ից հասցնելով մինչև 93%, կաթի` 78,6%-ից հասցնելով մինչև 88,7%:

 

6. Տեղեկատվական և կիբեռանվտանգություն

Պետությունը որդեգրում է «կիբեռանվտանգություն` ըստ նախագծման» սկզբունքը և երաշխավորում պետական տեղեկատվական համակարգերի անխոցելիությունը և թվային ծառայությունների անխափանությունը:

Այս ուղղությամբ իրականացվելու են հետևյալ բարեփոխումները`

1) Իրականացվելու են կրիտիկական բոլոր ենթակառուցվածքների խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում, շուրջօրյա մոնիթորինգ և միջադեպերին արագ արձագանքման մեխանիզմների ներդրում:

2) Ձևավորվելու են մասնավոր և հանրային հատվածներում միջազգային լավագույն չափանիշների (ԵՄ NIS 2, ISO/IEC 27001) ներդրման համար անհրաժեշտ կարողություններ, այդ թվում` կիբեռսպառնալիքների վաղ ազդարարման, վաղ բացահայտման և արագ հասցեագրման նպատակով:

3) Կառավարության կողմից իրականացվող միասնական քաղաքականության ներքո Ազգային անվտանգության ծառայության կազմում ձևավորվելու է արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, ծրագրատեխնիկական ժամանակակից հագեցվածությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձր որակավորմամբ կադրերով համալրված Կիբեռպաշտպանության ազգային կենտրոն (NCDC)` պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտներում:

4) Իրականացվելու են հանրային իրազեկվածության և կրթական կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր` հասարակության կիբեռհասունության մակարդակի բարձրացման նպատակով:

Առանցքային է նաև հասարակության տեղեկատվական դիմակայունության ամրապնդումը, որը կենտրոնանալու է հետևյալ բարեփոխումների վրա`

1) Իրականացվելու են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտությունների (FIMI), ապատեղեկատվության և կեղծ թվային բովանդակության (սինթետիկ (AI), դիփֆեյքերի) կանխարգելման, վաղ հայտնաբերման ու ազդեցության նվազեցման ուղղությամբ թիրախային միջոցառումներ:

2) Ամրապնդվելու են քաղաքացիների մեդիա ու թվային գրագիտության զարգացման նպատակով կրթության բոլոր մակարդակներում և շարունակական կրթության միջոցով տեղեկատվության քննադատական գնահատման, ապատեղեկատվության ճանաչման, կիբեռանվտանգության ու պատասխանատու թվային վարքագծի կարողությունները` հատուկ ուշադրություն դարձնելով երեխաներին և երիտասարդներին:

3) Կատարելագործվելու է երեխաների առցանց անվտանգության ապահովման իրավական շրջանակը` սահմանելով երեխաների առցանց իրավունքների, վնասակար բովանդակությունից պաշտպանությանը (այդ թվում` սոցիալական ցանցերում), թվային ծառայություններ մատուցողների պատասխանատվությանը և դպրոցներում թվային սարքերի անվտանգ օգտագործմանը վերաբերող կարգավորումներ:

Աղբյուր՝ https://gov.am/api/assets/d7bce7c3-0a9c-4536-842c-51fae05cdff0  

https://www.irtek.am/views/act.aspx?aid=133865

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։

Վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։

Հայաստանի վարչապետը եւ Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։

Աղբյուրը՝ Primeminister.am, https://www.primeminister.am/hy/press-release/item/2026/08/24/Prime-Minister-Nikol-Pashinyan-telephone-conversation-President-of-Kazakhstan/   

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարմանը Ռուսաստանի կողմից և այդ կառավարումը Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վառաճելու անհրաժեշտությանը։

ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և ՀՀ երկաթուղու կոնցեսիայի իրավունքը վաճառել ընդունելի երրորդ երկրի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարմանը Ռուսաստանի կողմից և այդ կառավարումը Հայաստանի ու Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վառաճելու անհրաժեշտությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդգծեց, որ հայկական երկաթուղային ցանցի ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։

ՀՀ վարչապետն այդ մասին խոսեց Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը։

Վարչապետը պարզաբանեց, որ միջազգային ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռք բերողները ուզում են խուսափել Հայաստանի Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, քանի որ երկաթուղու այդ հատվածը գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։

«Ռուսաստանի և Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել՝ ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում, հասկանալի է, որ Հայաստանը խնդիր չունի նաև այն փաստի հետ, որ իր երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։

«Սա մեզ համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել։ Ընդ որում, էլի ուզում եմ կրկնել, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, ու մենք ոչ մի խնդիր չունենք այս փաստի հետ։ Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը և նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով հիմա մենք կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Ընդ որում, բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ այս համագանքներում ավելի է ակտիվացել Թուրքիայի տարածքում Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման ընթացքը։ Հասկանալի է, որ մենք չենք կարող արգելել կամ արգելակել այդ երկաթուղու կառուցումը և պետք է առերեսվենք այն փաստի հետ, որ Երասխ-Ախուրիկ երկաթուղին պետք է մրցակցի այդ երկաթուղու հետ։ Սրա համար մենք պետք է հնարավորինս արագ Երասխ-Ախուրիկը բերենք մրցակցային լավ վիճակի և հետագայում էլ ապահովենք երկաթուղու կողմից ծառայությունների բարձր որակը և մրցունակ գինը»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս ամենի կարևորության գիտակցումն է, որ հանգեցրել է Կառավարության քննարկվող ծրագրի հետևյալ ձևակերպմանը, որը տեղ է գտել ծրագրի չորրորդ բաժնում․ «Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Մենք շարունակելու ենք աշխատանք այս ուղղությամբ և Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը»։

Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին՝ Փաշինյանը մանրամասնեց, որ այն ներառելու է ոչ միայն երկաթուղին, այլև խողովակաշարեր, ճանապարհներ, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր։

«Մեծ է հավանականությունը, որ էլեկտրահաղորդման գծերը կլինեն ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գործարկված առաջին ենթակառուցվածքը, որովհետև նախ տեխնիկապես համեմատաբար հեշտ է արագ դա ավարտին հասցնելը և հետո էլեկտրաէներգիայի աշխարհում աճող պահանջարկը ստիպում է ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանից էլեկտրական էներգիայի արտահանման նախագծերին։ Ներկայում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում։ Ավարտական փուլում են TRIPP Development Company ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հիշեցնեմ՝ Հայաստանը այդ ընկերությունում ունենալու է 26%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 74% բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ այդ ժամկետի ավարտից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում ևս 50 տարի, իսկ այս դեպքում արդեն Հայաստանի մասնաբաժինը կդառնա 49%, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնաբաժինը՝ 51% առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական կամ այլ ներդրման։ Նախագիծն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Եվ հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում։ Այս նախագծից առաջ, նախկինում մենք երբեք մեր առջև 100 տարվա և նախագիծ կամ հեռանկար չենք ունեցել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Երբեք մենք չենք ունեցել ծրագիր, նախագիծ, որը մեր առջև 100 տարվա հեռանկար է բացում, այն էլ աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Եվ սա թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է։ ԹՐԻՓՓ նախագծի իրագործումը փոխելու է իրադրությունը և մթնոլորտը մեր տարածաշրջանում»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը՝ Արմենպրես, https://armenpress.am/hy/article/1258702

հունիս 25 2026 Արձագանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի և մեծ իրադարձություն է համարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։

24.05.2026


Nikol Pashinyan FB 


Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։


 Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին։ 


Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։ Հիմա այլեւս Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով նաեւ Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում։


Աղբյուրը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid02STkHgBoLMi9LfN5qQDHMApCwnSUCA4BFB6NJ7jmB9WggGJTPF5oiUH1PmRy5kgAKl

Հայաստան / Երևան Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղի-TRIPP Հայաստան Լիակատար / համապարփակ աջակցություն, Լիակատար լեգիտիմացում և արդարացում
հունիս 24 2026 Իրադարձություն

Արտահանման և ներմուծման համար Հայաստանն այլևս կարող է օգտվել Ղարս-Ախալքալաք երկաթուղուց։

Հայաստան / Երևան Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղի-TRIPP — Հաղորդակցություն